Եփովի կրեմ պատրաստելու գաղտնիքները

yepovi-krem

Եփովի կրեմն արդարացիորեն համարվում է ամենահաջող կրեմներից մեկը: Այն հեշտությամբ ներծծվում է՝ թխվածքին հաղորդելով փափուկ և հաճելի կազմություն: Վերջինս դոնդողանման զանգված է, որը պատրաստվում է կաթից/սերուցքից, ձվից, շաքարից և խտացուցիչից:

Որպես խտացուցիչ, հիմնականում օգտագործում են ալյուր, կարտոֆիլի, եգիպտացորենի, կամ բրնձի օսլան:

Հերթով դիտարկենք բաղադրիչները.

Կաթ/սերուցք

Շատ կարևոր է ի սկզբանե ընտրել հեղուկ բաղկացուցիչը: Կաթով եփովի կրեմը ստացվում է ավելի թեթև և դիետիկ: Սերուցքը, սակայն, կրեմին հաղորդում է անչափ հաճելի համ և նրբություն: Կախված ճաշակից և պատրաստվող աղանդերից, կարելի է ընտրել թե՛ մի, թե՛ մյուս տարբերակը:

Cooks.am-ը խորհուրդ է տալիս պարզապես համադրել երկու տարբերակները: Օգտագործեք կաթի և սերուցքի խառնուրդ 1:1 կամ 2:1 հարաբերությամբ և կստանաք նրբության և թեթևության իդեալական համադրություն:

yepovi-krem

Ձու

Ձուն այստեղ հանդես է գալիս որպես կցող նյութ: Վերջինիս քանակը ևս խիստ սահմանված չէ. 1 լիտր հեղուկի հաշվով օգտագործվում է ընդհուպ մինչև 400 գր ձու: Սակայն, պետք է հաշվի առնել, որ ձվի մեծ քանակությունը տալիս է պնդություն և միևնույն ժամանակ, թեթև «ձվային» համ, իսկ ձվի քիչ քանակի պատճառով կրեմը կարող է ավելի ծորուն կազմություն ունենալ:

Անկախ նրանից, թե ինչ խտություն ենք պատրաստվում ստանալ, cooks.am-ը հորդորում է օգտագործել միայն դեղնուցները: Այս դեպքում կրեմը ստացվում է շատ ավելի նուրբ և հալչող:

yepovi-krem

Շաքարավազ

Շաքարավազը պետք է օգտագործել ըստ ճաշակի: Գերադասելի է այն չչարաշահել, քանի որ շատ տորթերի և աղանդերների համը փչանում է միայն և միայն չափից դուրս քաղցրության պատճառով: Կրեմը պետք է լինի չափավոր քաղցր և լրացնի մյուս բաղկացուցիչների համը:

Մենք խորհուրդ ենք տալիս շաքարավազի քանակն ավելացնել միայն 2 դեպքում՝ եթե ստիպված եք կրեմը պատրաստել նախօրոք և պահպանել սառնարանում 2-3 օր, կամ էլ, եթե աղանդերում կամ թխվածքում օգտագործվում են թթու մրգեր և հատապտուղներ:

yepovi-krem

Խտացուցիչ

Շատ կարևոր է խտացուցիչի ընտրությունը, քանի որ դրանից կախված արդունքը կարող է լինել խիստ տարբեր: Ինչպես արդեն ասեցինք, որպես խտացուցիչ կարող են հանդես գալ ալյուրը, կարտոֆիլի օսլան, եգիպտացորենի օսլան և բրնձի օսլան:

  • Ալյուրի դեպքում կրեմը ստացվում է փոքր-ինչ «կոպիտ», հաճախ կարելի է զգալ ալյուրի համը, իսկ սառնարանում պահպանման ընթացքում կրեմից կարող է նաև հեղուկ առանձնանալ:
  • Կարտոֆիլի օսլան ևս ցանկալի խտացուցիչների շարքին չի դասվում, քանի որ այն նույնպես կարող է անցանկալի համային նրբերանգ հաղորդել կրեմին:
  • Եգիպտացորենի օսլան բավականին նուրբ և հաճելի կազմություն է հաղորդում կրեմին՝ չազդելով համային հատկանիշների վրա:
  • Իսկ բրնձի օսլան կրեմը դարձնում է նուրբ և թավշյա:

Վերջին տարիներին խոհարարները խորհուրդ են տալիս օգտագործել եգիպտացորենի օսլայի և բրնձի օսլայի խառնուրդ՝ իդեալական արդյունք ստանալու համար։

yepovi-krem

Եվ, իհարկե, ինչպես ցանկացած աղանդերում, չենք մոռանում վանիլինի և մի պտղունց աղի մասին:

Մի քանի խորհուրդ եփովի կրեմի պատրաստման գործընթացի մասին.

  1. Սկզբից լավ խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները, այնուհետև հարում ենք ձվի կամ դեղնուցի հետ, շարունակելով հարել՝ քիչ-քիչ ավելացնում ենք տաք կաթը, ապա լցնում հաստ հատակով կաթսայի մեջ և դնում կրակին:
  2. Կրեմը պետք է հարել պատրաստման ԱՄԲՈՂՋ ընթացքում, այլապես գնդիկներ կառաջանան:
  3. Կրեմի սառելու ընթացքում ևս հարելը պարտադիր է, գոնե մինչև 40-50 C:
  4. Որպեսզի կրեմի մակերեսին «սեր» չառաջանա, պետք է այն ծածկել պոլիէթիլենային թաղանթով այնպես, որ վերջինս կպնի կրեմին:
  5. Օգտագործելուց առաջ կրեմը ցանկալի է լավ խառնել, որպեսզի այն դառնա թեթև և նուրբ:

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում, և շատ համեղ աղանդերներ :))))

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

    1. Բարև Ձեզ, կրեմը բզորվում է, երբ կարագը քիչ է: Եթե այն բզորվում է, պետք է մի քիչ կարագ վերցնել, կրկին լավ հարել և լցնել կրեմի մեջ: Այդպես ամեն ինչ կկարգավորվի 🙂

      1. Իսկ ես խորհուրդ կտաի մի քանի կաթիլ ձիթայուղ ավելացնել փսորված կրեմին արդյունքը ձեզ կզարմացնի ու ավելի արագ արդյունքկստանաք

  1. կարելի է եգիպտացորենի օսլայի փոխարեն եգիպտացորենի ալյուր լցնել?

    1. Բարև Ձեզ, ոչ, ցավոք օսլան չեք կարող եգիպտացորենի ալյուրով փոխարինել 🙂

    1. Սիրելի Մարիամ, կարող եք օգտագործել նաև այդ տարբերակով: 🙂

  2. Բարև ձեզ մալիրովնի կաթսայում կարող եմ պատրաստել կրեմը

    1. Սիրելի Վարդուհի, կարելի է պատրաստել эмалиро́ванный (արծնապատ)կաթսայի մեջ թույլ կրակի վրա՝ ընթացքում անընդհատ խառնելով։ ։)

  3. Իսկ եթե քաղցր է ստացվել։ Այսինքն շաքարավազը միամիտ չարաշահում ես։ Այդ ժամանակ ինչ կարելի է անել?

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *