
- Yield: 8 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 45 minutes
Տորթ շոկոլադե մուսսով և նուտելլայով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- ալյուր - 1 բաժակ
- կակաո - 3-4 ճ/գդ
- վանիլին - ըստ ճաշակի
- Շոկոլադե մուսսի համար՝
- ժելատին - 20 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- թթվասեր - 400 գր
- շաքարի փոշի - 250 գր
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
- կաթ - 1/3 բաժակ
- Վրայի շերտի համար՝
- թթվասեր - 250 գր
- շաքարի փոշի - 100 գր
- սուրճ սև - ըստ ճաշակի
- նուտելլա - 400 գր
- գետնանուշ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Շաքարավազի մի մասը հարում ենք սպիտակուցների հետ, մյուս մասը՝ դեղնուցների: Երկու զանգվածները միացնում ենք: Ալյուրը, վանիլինն ու կակաոն մաղում ենք, թիակով խառնում ձվային զանգվածին և թխում 180 աստիճանում: Թողնում ենք սեղանին, որ հովանա:

- Իսկ այժմ պատրաստում ենք շոկոլադե մուսսը: Առաջին հերթին թրջում ենք ժելատինը: Թթվասերն ու սերուցքը լցնում ենք մի կաթսայի մեջ և ավելացնում շաքարի փոշին: Կարելի է վերջինս ավելացնել քիչ-քիչ՝ քաղցրությունը կարգավորելու համար: Հարիչի ամենաուժեղ արագությամբ հարում ենք այնքան, մինչև որ զանգվածը խտանա:

- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և թողնում, որ գոլանա: Այնուհետև լցնում ենք հարած կրեմի մեջ և նորից հարում, մինչև որ ձուլվի: Եթե պնդացած շոկոլադի կտորներ մնան, սարսափելի չէ:

- Կրեմը պատրաստ է, այժմ պետք է այն մուսսի վերածենք: Դրա համար փափկած ժելատինի վրա 1/3 բաժակ կաթ ենք լցնում, տաքացնում, որպեսզի ժելատինը լուծվի: Հենց որ ժելատինը լուծվում է, անմիջապես կրակից վերցնում ենք: Ապահովության համար կարելի է լուծույթը քամել, որպեսզի գնդիկներ չմնան:

- Տաք ժելատինը բարակ շիթով լցնում ենք կրեմի մեջ՝ վերջինս միջին արագությամբ անընդհատ հարելով: Ժելատինի լուծույթը պետք է անպայման տաք լինի, որպեսզի մուսսի մեջ գնդիկներ չլինեն:

- Մուսսը պատրաստ է:

- Բիսկվիթը երկու շերտի ենք բաժանում: Մի շերտը դնում ենք բացվող ձևամանի մեջ:

- Քանի որ բիսկվիթը մի քիչ չոր է, վրան քաղցր սուրճ ենք լցնում:

- Սենյակային ջերմաստիճանի նուտելլայի կեսը քսում ենք բիսկվիթին:

- Ձևամանի ներսի եզրերով թուղթ ենք դնում ու ձևամանի պատերի բարձրությունը 5 սմ-ով բարձրացնում: Լցնում ենք մուսսն ու հարթեցնում:

- Վրայից դնում ենք երկրորդ շերտը, վրան կրկին սուրճ ենք լցնում և քսում մնացած նուտելլան:

- Պատրաստում ենք վրայի շերտը: 250 գր թթվասերն ու 100 գր շաքարի փոշին լցնում ենք կաթսայի մեջ: Հարիչի մեծ արագությամբ հարում ենք այնքան, մինչև ստանանք խիտ զանգված: Լցնում ենք տորթի վրա:

- Գիշերը թողնում ենք սառնարանում:

- Առավոտյան ձևամանի կողքերը բացում ենք և թուղթը խնամքով պոկում:

- Տորթի վրա կակաո ենք մաղում, եզրերին շոկոլադապատ գետնանուշ շարում:

- Ահա և վերջ:

- Վայելում ենք:

Ի դեպ, նույն կերպ կարելի է պատրաստել տորթ շոկոլադե մուսսով ու կոնյակով. անհրաժեշտ է ընդամենը շերտերի վրա լցնել կոնյակի ու սուրճի լուծույթ: Շատ համեղ ու հետաքրքիր է ստացվում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: