Կոնֆետներով տոնածառ

inchpes-patrastel-konfetnerov-exevni-13
Շատ գեղեցիկ, ոճային և, իհարկե, շատ համեղ տոնածառեր կոնֆետներից։ Այն պատրաստելը բոլորովին էլ բարդ չէ. հարկավոր է համբերություն, աշխատասիրություն և կոկիկություն։ Այս գործընթացի մեջ կարելի է երեխաներին նույնպես ներգրավել, հաստատ շատ կուրախանան 🙂
Եղևնիները 35սմ բարձրություն ունեն, սակայն եղևնու չափը, կոնֆետների ընտրությունն ու ձևավորումը կարելի է ըստ ճաշակի փոփոխել։
Առաջարկում ենք պատրաստել կոնֆետներով տոնածառ 2 տարբերակով՝  ոսկեգույն “Թագավորական” և կանաչ: Սակայն, սկզբում հարկավոր է պատրաստել եղևնու հիմքը, որի համար մեզ պետք կգա՝

  • ստվարաթուղթ  1 հատ
  • քանոն
  • սովորական սև մատիտ և ռետին
  • ստեպլեր
  • պոլիմերային սոսինձ կամ սիլիկոնե ատրճանակ

Ստվարաթղթով պատրաստում ենք ապագա տոնածառի հիմքը` կոնը և հատակը (որպեսզի ավելի կայուն լինի)։ Ստանդարտ չափի ստվարաթուղթը 2 մասի ենք բաժանում. մի կեսը կողք ենք դնում, քանի որ այն մեզ պետք չի գալու։ Ստվարաթղթի մնացած մասի վրա քանոնի օգնությամբ (կամ կարկինով, եթե եղևնին մեծ չէ) գծում ենք կես շրջանագիծ, որի շառավիղը հավասար լինի եղևնու բարձրությանը: Այսինքն, եթե ցանկանում ենք, որ եղևնին ունենա 35 սմ բարձրություն, ապա շառավիղն էլ պետք է լինի այդքան: Հետո մեր պատրաստվածքը բաժանում ենք երկու հավասար մասի և դրանցից միաժամանակ երկու կոներ ենք պատրաստում: Ներքևից ամրացնում ենք ստեպլերով, որպեսզի ամուր ստացվի: Կարող ենք օգտագործել սիլիկոնով սոսնձող ատրճանակ, քանի որ դրանով հնարավոր է ավելի արագ և հեշտությամբ սոսնձել: Եթե օգտագործում եք պոլիմերային կամ այլ տեսակի սոսինձ, ապա պետք է սոսնձվող մակերեսները որոշ ժամանակ սեղմած պահել, քանի դեռ չեն ամրացել:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-8

Ստվարաթղթի կտորից կոնի հատակն ենք պատրաստում: Դրա համար կոնի ներքևի մասի շրջանագծի չափով գծագրում ենք ստվարաթղթի վրա` չափելով կոնի տրամագիծը: Այնուհետ ևս մեկ շրջանագիծ ենք գծում առաջինից շուրջ 1,5 սմ ավելի մեծ շառավղով: Կտրում ենք մեծ շրջանագծի չափով, այնուհետ կտրվածքներ անում այդ 1,5 սմ-ի չափով` մինչև փոքր շրջանագիծը: Կտրտած շերտերը դեպի ներս ծալվածք ենք անում և սոսնձում կոնի տակ այնպես, որ ծալված շերտերը մնան կոնի ներսում:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-9
Վերջ, մեր նախապատրաստվածքը արդեն կարող ենք օգտագործել: Ընտրում ենք եղևնու`մեզ դուր եկած տարբերակը և սկսում:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-10

Արքայական  եղևնի

Արքայական  եղևնու համար մեզ հարկավոր է՝

  • ոսկեգույն թղթերով կոնֆետներ՝  մոտ 1,4 կգ
  • աստղ՝  10 սմ բարձրությամբ
  • ոսկեգույն աէրոզոլային (կամ տարայի մեջ`վրձնով) ակրիլով ներկ
  • տոնածառը ձևավորելու համար նախատեսված շարան՝  3մ  (մանուշակագույն)

Կոնը ոսկեգույն ենք ներկում ակրիլային ներկի միջոցով: Աերոզոլային ներկով աշխատանքները ցանկալի է իրականացնել կամ փողոցում կամ պատշգամբում: Ներկելուց առաջ բալոնը պետք է լավ թափահարել: Կոնի տակ կարելի է թերթ փռել, որպեսզի շուրջբոլորը չգունավորեք: Ներկը կոնի վրա փչում ենք հավասարապես, շուրջ 15 սմ հեռավորությունից և թողնում ենք մինչև չորանա: Եթե աերոզոլ չունենք, կարելի է վրձնով քսել գուաշ, ակրիլային կամ այլ տեսակի ներկ: Կոնը կարելի է նաև ձևավորել փաթեթավորման թղթով, կտորով, ժապավեններով կամ այլ միջոցներով:
Սոսնձի ատրճանակի միջոցով կոնի վրա շրջանաձև կոնֆետներ ենք կպցնում: Եթե կոնֆետները ծանր են, ապա այստեղ սոսնձող ժապավենները, PVC սոսինձները չեն օգնի: Պետք է ընտրել արագ չորացող սոսինձ:
Կոնֆետները շարունակում ենք սոսնձել շարքերով համարյա մինչև գագաթը` վերևում թողնելով մոտավորապես 5 սմ ազատ տարածք:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-2

Աստղը ամրացնում ենք եղևնու գագաթին: Եթե աստղի հիմքը երկար է, այն ևս կարող ենք ծածկել մեկ շարք կոնֆետով:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-3
Եղևնին գրեթե պատրաստ է, մնում է զարդարել: Վերից վար զգուշորեն սոսնձում ենք տոնածառի համար նախատեսված գունավոր շղթան` անցկացնելով կոնֆետի յուրաքանչյուր շարքի արանքով: Ամեն շարքը լրանալիս կտրում ենք և օղակ ստանում, որպեսզի պարուրաձև չիջեցնենք և տոնածառն ավելի կոկիկ տեսք ունենա: Վերջ, պատրաստ է: Եթե եղևնին ծանր է ստացվել, այն կարող ենք դնել տորթի համար նախատեսված ամուր ստվարաթղթե հիմքի վրա:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-4

Կանաչ եղևնի

  • կանաչ թղթերով կոնֆետ՝  մոտ 900 գր
  • աստղ  10 սմ բարձրությամբ (մանուշակագույն)
  • միջին խավով փայլազարդ՝  2մ երկարությամբ

Կոնի ներքևի եզրով տոնածառի փայլ ենք սոսնձում առանց կտրելու:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-5
Երկրորդ շարք. սոսնձում ենք կանաչ կոնֆետները կոնի շուրջ փաթաթված փայլի վերին հատվածով` առաջին ու վերջին կոնֆետների միջև մի փոքր տարածք թողնելով փայլի համար:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-6
Փայլն անցկացնում ենք կոնֆետների միջև ընկած հատվածով, շարունակում սոսնձել դրանց վերին եզրով այնպես, որ կոնֆետներն ամբողջությամբ երևան: Այդպես շարունակում ենք մինչև կոնի գագաթը: Սոսնձում ենք աստղը: Պատրաստ է:

inchpes-patrastel-konfetnerov-exevni-7
Այս գեղեցիկ եղևնիներով կարող եք զարդարել ոչ միայն ձեր տան ինտերիերը, ամանորյա սեղանը, այլև կարող եք դրանք նվիրել հարազատներին ու մտերիմներին հյուր գնալիս 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *