- Yield: 2-3 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 40-50 minutes
Տորթ «Նրբություն»
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- նուշ - 100 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ձու - 3 հատ
- ձվի սպիտակուց - 2 հատ
- ալյուր - 40 գր
- կարագ - 20 գր
- Բիսկվիթը ներծծելու համար՝
- հյութ նարինջի - 0,5 նարնջից
- ջուր - 3 ճ/գդ
- շաքարավազ - 3 ճ/գդ
- Պրալինեով խրթխրթան շերտի համար՝
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- կարագ - 25 գր
- նուշ - 2 ճ/գդ
- Պրալինեի համար՝
- նուշ - 75 գր
- հյութ նարինջի - 50 մլ
- շաքարավազ - 100 գր
- Լոռամրգու կոմպոտի համար՝
- լոռամրգի(клюква) - 200 գր
- շաքարավազ - 70 գր
- ժելատին - 4 գր
- Վանիլային կրեմ-մուսսի համար՝
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ մանր - 40 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 250 մլ
- վանիլին - 1 ձողիկ
- ժելատին - 4 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 75 մլ
- Լոռամրգիով կրեմ - մուսսի համար՝
- լոռամրգի(клюква) - 230 գր
- ժելատին - 20 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200գր
- ջուր - 100 գր
- շաքարավազ - 200 գր
- ձվի սպիտակուց - 100 գր
- Ջնարակի համար՝
- շաքարավազ - 150 գր
- ջուր - 75 գր
- շոկոլադ սպիտակ - 150 գր
- ինվերտային օշարակ - 150 գր
- խտացրած կաթ - 100 գր
- ժելատին - 15 գր
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի
- Զարդարանքի համար՝
- շոկոլադ սպիտակ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք պրալինեն: Շաքարավազը խառնում ենք նարնջի հյութի հետ, տեղափոխում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի: Ուշադիր հետևում ենք, որ շատ չխտանա:
Նուշը թեթևակի մանրացնում ենք, լցնում յուղաթղթի վրա օշարակն էլ լցնում ենք նուշի վրա ու թողնում ենք սառչի:
Պատրաստում ենք բիսկվիթը: Աղացած նուշը, շաքարի փոշու մեծ մասն (70 գր) ու ձվերը 8-10 րոպե հարում ենք (զանգվածը պետք է խտանա ու բաց գույն ստանա):
Ալյուրը մաղում ենք, կարագը՝ հալեցնում: Այնուհետև վերջիններս երեք անգամով ավելացնում ենք խմորին՝ ալյուրն ու տաք կարագն անընդհատ հարելով: Սպիտակուցներն առանձին հարում ենք մինչև խտանան, աստիճանաբար գդալ-գդալ ավելացնում ենք մնացած շաքարի փոշին (30 գր): Սպիտակուցը զգուշությամբ խառնում ենք խմորին՝ թիակը ներքևից վերև շարժելով: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և 17-20 րոպեով դնում 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Թողնում ենք ձևամանի մեջ հովանա, հետո հանում ենք ու դնում սառցախցիկի մեջ:
- Պատրաստում ենք վանիլային կրեմ-մուսսը: Ժելատինը սառը ջրում թրջում ենք և թողնում ուռչի:
Փոքր ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցներն ու շաքարավազը, մինչև ստացվի խիտ կրեմ: Մինչև 20% յուղայնությամբ սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում վանիլինի ձողիկը: Մարմանդ կրակի վրա տաքացնում ենք, բայց չենք թողնում եռա: Տաք սերուցքը լցնում ենք դեղնուցային զանգվածի մեջ, լավ խառնում ենք ու նորից լցնում կաթսայի մեջ: Դնում ենք կրակին ու անդադար խառնելով հասցնում 85 աստիճանի (խառնուրդը պետք է խտանա ու դիմադրի ձեռքի հարիչին): Կրեմը վերցնում ենք կրակից, ավելացնում ժելատինը, խառնում մինչև լուծվելը, և թողնում ենք, որ զանգվածը հովանա:
Այնուհետև 30-35% յուղայնությամբ սերուցքը լավ հարում ենք ու ավելացնում կրեմին:
- Բիսկվիթը ներծծելու համար ջրի մեջ ենք լցնում շաքարավազը, այնուհետև դնում ենք կրակին, եռալուց հետո ավելացնում ենք նարնջի հյութը, մի քիչ եփում ենք և թողնում հովանա:
Բիսկվիթը կիսում ենք, մի կեսը թողնում ինչպես կա, իսկ մյուսից փոքր ձևամանի չափով շրջան ենք կտրում: Երկու բիսկվիթներն էլ ներծծում ենք օշարակով: Փոքր բիսկվիթը դնում ենք փոքր ձևամանի հատակին, ներծծում օշարակով, թողնում 5 րոպե, ապա վրան լցնում կրեմն ու 1 ժամով տեղափոխում սառցախցիկի: - Պատրաստում ենք պրալինեով խրթխրթան շերտը: Պրալինեն կոմբայնում կամ սրճաղացում մանրացնում ենք (տեխնիկան պետք է հզոր լինի, այլապես աղացը կփչանա):
Սպիտակ շոկոլադը հալեցնում ենք, ավելացնում ենք կարագը, պրալինեն (կեսը, իսկ մնացածը պահում ենք), աղացած նուշը: Զանգվածը լավ խառնում ենք և խնամքով քսում մեծ բիսկվիթին, որն էլ տեղափոխում ենք սառնարան: - Պատրաստում ենք լոռամրգու կոմպոտը: Ժելատինը թրջում ենք 1.5 ճ/գդ սառը ջրում:
Լոռամրգին բլենդերում մանրացնում ենք և անցկացնում մաղով: Վրան շաքարավազ ենք ավելացնում և եփում մինչև վերջինս լուծվի: Այնուհետև ժելատինը գցում ենք զանգվածի մեջ, խյուսը քամում ենք և խառնում:
- Սառցախցիկից հանում ենք փոքր ձևամանը: Միջինը հանում ենք, բիսկվիթը դեպի վերև շրջում, վրան լցնում դոնդողն ու նորից դնում սառցախցիկի մեջ, առնվազն 30-40 րոպեով:
Պատրաստում ենք լոռամրգիով կրեմ - մուսսը: Լոռամրգին բլենդերում խյուսի ենք վերածում և անցկացնում մաղով: Ժելատինը թրջում ենք 1.5-2 ճ/գդ սառը ջրում:
Պատրաստում ենք մերենգան: Ջրի մեջ լցնում ենք շաքարավազն ու զանգվածը եփելով հասցնում 117 աստիճանի: Քանի դեռ այն եփվում է, սկսում ենք հարել սպիտակուցները: Հենց որ սպիտակուցային զանգվածը խտանում է, եռացող օշարակը բարակ շիթով լցնում ենք մեջը՝ հարելը չդադարեցնելով: Զանգվածը սկսում է ուռչել ու խտանալ: Լոռամրգու խյուսի մեկ երրորդ մասը ժելատինի հետ տաքացնում ենք (քամում ենք), լցնում ենք մնացած խյուսի մեջ ու զգուշորեն խառնում մերենգային: Նույնպիսի զգուշությամբ ավելացնում ենք նաև հարած սերուցքը: - Հավաքում ենք տորթը: Ձևամանի կամ ավելի լավ է՝ ձևամանի օղակի մեջ սննդային թաղանթ ենք դնում: Սեղանի կամ այլ հարթ մակերևույթի վրա ամուր թաղանթ ենք փռում, օղակը դնում վրան, մեջը լցնում լոռամրգու մուսի 2/3-ը: Սառցախցիկից հանում ենք փոքր ձևամանի միջի կիսապատրաստվածքը, դնում ենք մուսի վրա՝ թեթևակի սեղմելով, վանիլային կրեմը դեպի վերև: Լցնում ենք մնացած մուսն ու ծածկում մեծ բիսկվիթով, թեթևակի սեղմում ենք ու դնում սառնարանը (թողնում ենք ողջ գիշեր): Առավոտյան հանում ենք ու մի քանի ժամով դնում սառցախցիկի մեջ:
- Պատրաստում ենք զարդարանքը: Սպիտակ շոկոլադը հալեցնում ենք, հարթեցնում ու տեղափոխում սառնարանը: Մի քանի ժամ անց շոկոլադը բաժանում ենք քառակուսիների (կարող ենք հավասարեցնել քանոնով):
Պատրաստում ենք ջնարակը: Ժելատինը թրջում ենք 1.5 ճ/գդ սառը ջրում:
Խառնում ենք շաքարավազը, ջուրն ու ինվերտային օշարակը և զանգվածը հասցնում եռման աստիճանի: Այնուհետև զանգվածի մեջ ենք ավելացնում նախօրոք իրար խառնած խտացրած կաթը, հալեցրած շոկոլադն ու գունանյութը: Զանգվածը բլենդերով խառնում ենք ու թողնում հովանա:
Սառցախցիկից հանում ենք տորթը, դնում ցանցին ու ջնարակի մի մասը լցնում վրան: 2-3 րոպե թողնում ենք, հետո կրկին լցնում ենք ջնարակը: Հիմնական կանոնն այն է, որ մակերևույթը լինի հարթ ու լավ հովացած: Ինչքան արագ ենք լցնում ջնարակն այնքան ավելի լավ է ստացվում:
Մի քանի րոպե թողնում ենք, դանակով հեռացնում ավելորդ մասերն ու վերցնում ցանցի վրայից:
- Զարդարանքներն ամրացնում ենք ջնարակի վրա:
- Ահա և վերջ:
Համաձայնեք, որ հյուրերին հաճելի անկանկալ մատուցելու համար արժե ջանք ու ժամանակ չխնայել ու այսպիսի տորթ պատրաստել: Այն կլինի Ձեր սեղանի զարդը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: